«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնն այսօր ամփոփում է աշխատանքները։ Երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում փառատոնի փակման արարողության ժամանակ հրապարակվեցին կինոփառատոնի հաղթող ֆիլմերի և կինոգործիչների անունները։ Միջազգային խաղարկային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակը շնորհվեց «Ցանկալի Դուրգան» ֆիլմին, ռեժիսոր՝ Սանալ Կումար Սասիդհարան (Հնդկաստան), «Արծաթե ծիրանը»՝ «Արաբիա» ժապավենին, ռեժիսորներ՝ Աֆոնսու ՈՒչոա/Ժուան Դումանս (Բրազիլիա), Ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակը՝ «Վեսթերն» կինոնկարին, ռեժիսոր՝ Վալեսկա Գրիզեբախ (Գերմանիա /Բուլղարիա/Ավստրիա)։ Միջազգային վավերագրական մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացավ «ՈՒրվականների որսը», ռեժիսոր՝ Ռաեդ Անդոնի (Ֆրանսիա/Պաղեստին/Շվեյցարիա/Կատար), «Արծաթե ծիրանի»՝ «Դերդո մայրիկը և ընկուզենին», ռեժիսոր՝ Սերդար Օնալ (Թուրքիա/Հայաստան), Ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակին՝ «Գյուղացիները», ռեժիսոր՝ Ցվետան Դրագնև (Բուլղարիա)։
Հայկական համայնապատկեր ազգային մրցույթում խաղարկային ֆիլմերից «Ոսկե ծիրանին» արժանացավ «Դոնալդը լաց եղավ» ֆիլմը, ռեժիսոր՝ Քրիս Ավետիսյան (ԱՄՆ), Ժյուրիի հատուկ հիշատակում դերակատարման համար՝ Սամվել Թադևոսյանը, «Կյանք ու կռիվ», ռեժիսոր՝ Մհեր Մկրտչյան (Հայաստան), վավերագրական ֆիլմերից «Ոսկե ծիրան» շնորհվեց «Ձյուն կար» կինոնկարին, ռեժիսոր՝ Թամարա Ստեփանյան (Ֆրանսիա/Հայաստան/Լիբանան), Ժյուրիի հատուկ հիշատակում՝ «Օրիժին», ռեժիսոր՝ Աշոտ Մկրտչյան (Հայաստան), կարճամետրաժ ֆիլմերից՝ «Ոսկե ծիրան»՝ «Ջրի երեսին մնալ», ռեժիսոր՝ Էրիկ Շահինյան (ԱՄՆ)։
Լավագույն սցենարի համար Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակին արժանացավ «Դոնալդը լաց եղավ» ժապավենը, Fipresci ժյուրիի մրցանակին՝ «Անկաշառը», ռեժիսոր՝ Մոհամադ Ռասուլոֆ (Իրան)։
Փակման արարողության ժամանակ նաև «Ոսկե ծիրան» փառատոնի կողմից «Վարպետ» հատուկ մրցանակ հանձնվեց ռեժիսոր Ջո Բեռլինգերին, ցուցադրվեց նրա «Բնաջնջման մտադրություն» (2017) ֆիլմը: Միջազգային ժյուրիի անդամներից ու մրցանակակիրներից շատերը բեմում ասացին, որ պետք է պայքարել գրաքննության դեմ՝ հույս հայտնելով, որ բոլոր գրաքննված ֆիլմերը հաջորդ փառատոնին ցույց կտան։